Հայաստանի ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ, ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին զարմացրել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի ասուլիում արած այն հայտարարությունը, թե 1998 թվականի «մասնակի իշխանափոխությունից հետո արտաքին գործերի նախարարությունում կադրային փոփոխություններ չեն եղել» եւ իրավիճակը «ինչպես կար ՀՀՇ-ի ժամանակ, նույն ձեւով էլ մնացել է մինչեւ այսօր»:
«Դժվարանում եմ հասկանալ օրիգարխի կարգավիճակ ունեցող անձնավորության ասածները, սակայն ուզում եմ հիշեցնել նրան, որ ԱԳՆ վարչության պետերից մեկը ՀՅԴ անդամ էր, ով այժմ բարձր դիվանագիտական պաշտոն է զբաղեցնում արտերկրում։ Մեկ այլ դաշնակցական՝ Ռուբեն Հակոբյանը, նույնպես ժամանակին եղել է մեր առաքելություններից մեկի ղեկավարը, իսկ ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը՝ եղել է ՀՀ ԱԳ փոխնախարար»,-NEWS.аm-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վլադիմիր Կարապետյանը:
ԱԳ նախկին մամուլի խոսնակը տարակուսեց, թե՝ եթե ՀՅԴ-ն խնդիրներ է ունեցել կադրերի հետ, ապա կարող էր այդ մասին բարձրաձայնել այն ժամանակ, երբ փոխնախարար էր «ՀՅԴ կարկառուն ներկայացուցիչներից մեկը»:
«Քանի որ ՀՅԴ-ն լռել է ու շարունակել աշխատել դիվանագիտական ոլորտում, դա վկայությունն է այն բանի, որ մեր արտաքին գերատեսչությունը համալրված է եղել լավագույն կադրերով։ Եւ հիմա այդ մասին խոսելը ընդամենը օդի տատանումներ է հիշեցնում»,-նկատեց Կարապետյանը։ Նա նաեւ հավելեց, որ վերջին տարիներին Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը աչքի է ընկնում իր «խայտառակ ձախողումներով», ինչի վկայությունն են ԵԽԽՎ մի շարք բանաձեւերը։ «Դրանց չի կարողացել դիմագրավել հենց դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ լինելով ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, եւ եթե կադրային փոփոխությունների մասին է խոսքը, ապա հենց դաշնակցական պատգամավորների ձախողումների հետեւանքով պետք է լինեն այդ փոփոխությունները։ Իսկ այն դիվանագիտական անձնակազմը, որոնց հետ ես աշխատել եմ, բարձր մակարդակի մասնագետներից է բաղկացած»,-նշեց ՀԱԿ ներկայացուցիչը՝ հավելելով, թե «ներկայիս ԱԳ նախարարի կողմից իրականացվող անորակ քաղաքականությունը պետք չէ տարածել ամբողջ գերատեսչության վրա»:
«Այն, որ մենք կարողացել ենք դիմագրավել բազմաթիվ մարտահրավերների, այն, որ որեւէ երկիր մինչեւ 2008-ը Հայաստանը չի անվանել ագրեսոր, այն, որ մենք կարողացել ենք հավասարակշռությունը պահպանել միջազգային ատյաններում, նաեւ այդ կադրերի շնորհիվ էր։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ վերջին տարիների ընթացքում՝ մեկը մյուսին հաջորդող ոչ հայանպաստ բանաձեւեր, որոնցում կոչ է արվում Հայաստանին դուրս բերել զորքերը «գրավյալ տարածքներից», եւ ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խոսում է վերջին երկուսեւկես տարիների ընթացքում հայ դիվանագիտության ձախողումների մասին»,-եզրափակեց ԱԳ նախկին մամուլի խոսնակը։
Վահան Հովհաննիսյանի վերը նշված հայտարարության հետ կապված NEWS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից, ով հրաժարվեց որեւէ մեկնաբանությունից:



























