Գառնիի արքունական բաղնիքի դիմաց բացօթյա սրճարան կառուցելու վերաբերյալ Մշակույթի նախարարությունը դեռ որոշում չի կայացրել, սակայն շուտով այստեղ կտեղադրվեն արդեն հովանոցներ: Այս մասին NEWS.am-ին ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:
«Առայժմ ոչինչ չենք ձեռնարկում՝ սրճարանի հետ կապված: Ինչպես գիտեք, արդեն 9 նստարան ենք տեղադրել հանգստի համար, շուտով մեր հնարավորություններով հովանոցներ էլ կտեղադրենք՝ անձրեւից եւ արեւից պաշտպանվելու համար: Սա արվելու է բացառապես ՊՈԱԿ-ի միջոցներով»,- ասաց նա:
Նշենք, որ Վլադիմիր Պողոսյանն ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ հուլիսի վերջին վերջանականապես կորոշվի՝ սրճարան տեղադրել, թե ոչ:
Հիշեցնենք, որ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը պայքարում էր սրճարանի կառուցման դեմ՝ նշելով, որ չկա Մշակույթի նախարարության հստակ եզրակացություն, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։ Գառնիի բնակիչները նույնպես միացել էին գյուղապետին։ Նշենք, որ Մշակույթի նախարարությունն ու ՊՈԱԿ-ն դեռ ապրիլի կեսերից քննարկումներ են անցկացնում շահագրգիռ կողմերի հետ՝ որոշելու տաճարի տարածքում սրճարան կառուցելու նպատակահարմարությունը: Տուրօպերատորների կարծիքով՝ սրճարանը կվնասի տաճարի զբոսաշրջային գրավչությանը: Չնայած սրճարանի բացումն ի սկզբանե նախատեսված էր մայիսի 9-ին, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամանակով:




























