Հայաստանում  Հեռաբժշկության հայկական ասոցիացիայի իրականացրած փորձնական ծրագրի շրջանակներում Ջրաշենում հեռաբժշկական  ծառայություններից օգտվել է մոտ 60 հիվանդ։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հեռաբժշկության հայկական ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ, բժիշկ Ռուբեն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ իրենց արդեն հաջողվել է ապացուցել, որ հեռաբժշկությունը պետք է դառնա Հայաստանում բժշկության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման անբաժանելի մասը։ 

«Մեր փորձնական նախագիծը ցույց տվեց, որ առանց հեռաբժշկության ցանցի զարգացման Հայաստանում բժշկության զարգացումը ուղղակի անհնարին է»,- ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ հեռաբժշկության ցանցը հնարավորություն է տալիս իմանալ նեղ բժշկական մասնագետների կարծիքը  ցանկացած հիվանդի համար, որը կարող է գտնվել հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Հովհաննիսյանի խոսքով՝ հատկապես շրջաններում նեղ մասնագետների խորհրդատվության եւ միջամտության կարիքը բավականին մեծ է, ինչը ապացուցել է նաեւ հեռաբժշկությունը Ջրաշենում կիրառելու օրինակը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ միջոցներ հայթայթելու պարագայում Հեռաբժշկության հայկական ասոցիացիան  նախատեսում է առաջիկայում հեռաբժշկության ծառայություններ մատուցել նաեւ հայաստանյան այլ հեռավոր շրջաններում։

Տեղեկացնենք, որ Ջրաշենում հեռաբշկության փորձնական  նախագծի համար ծախսվել է մոտ 20 հազար դոլար՝  սարքավորումների, ինտերնետ կապի եւ այլնի համար։ Այս նախագիծը իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն աջակցությամբ։

Հայաստանի հեռաբժշկության հայկական ասոցիացիան ստեղծվել է 2008 թվականի դեկտեմբերին։