ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի հեռախոսը կրկին անհասանելի է։ Նա, ինչպես հայտնի է, երեկ՝ հունիսի 17-ին, կուսակցության վարչության նախագահի պաշտոնից հրաժարական է տվել։ Կուսակցության մամուլի պատասխանատու Կարեն Կարապետյանը քիչ առաջ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արարատ Զուրաբյանի հեռախոսը ժամը 14-ից հասանելի կդառնա եւ կմեկնաբանի հրաժարական ներկայացնելու իր որոշումը։
Հիշեցնենք, որ հունիս 17-ին տեղի ունեցած ՀՀՇ վարչության նիստի ժամանակ Զուրաբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. վարչությունը հարգել է այդ որոշումն ու ընդունել հրաժարականը։ Իսկ մինչ այդ՝ հունիսի 12-ին տեղի ունեցած ՀՀՇ վարչության նիստում Արարատ Զուրաբյանը բարձրացրել էր իր վստահության հարցը, սակայն հարցը վարչությունն օրակարգ չէր ներառել, պատճառաբանելով, թե ՀՀՇ նախագահի վստահության հարցը քննարկելու անհրաժեշտություն չկա։ Նույն օրը կուսակցության փոխնախագահի պաշտոնից հրաժարական էր տվել Խաչատուր Քոքոբելյանը, որն ընդունվել էր ի գիտություն:
Երեկ՝ հունիսի 17-ին տեղի ունեցած նիստում ՀՀՇ վարչությունը որոշել է «մինչեւ ՀՀՇ առաջիկա համագումարը, համաձայն ՀՀՇ կանոնադրության 8.7 հոդվածի «ը» կետի, վարչության աշխատանքների համակարգման պարտականությունը դնել վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի վրա»։
ՀՀՇ համագումարը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հուլիսի առաջին կեսին։




























