«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը միանում է Ազատության հրապարակում այսօր երեկոյան կազմակերպվելիք նստացույցին:
Նա այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Անսալով Հայաստանում «Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» կոչին, ես` նախկին քաղբանտարկյալ, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանս, 2010թ հունիսի 18-ին ժամը 20-ից մինչեւ ժամը 22-ը կլինեմ Երեւանի Ազատության հրապարակում եւ կմասնակցեմ կազմակերպվող նստացույցին` ի պաշտպանություն ՀՀ քաղբանտարկյալների»:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը նստացույց անցկացնելու Քաղաբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի իրազեկումն ի գիտություն չի ընդունել։
Նշենք նաեւ, որ այս ակցիային նախկին քաղբանտարկյալներից բացի միանալու են նաեւ բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում եւ հայտնի մտավորականներ՝ դերասաններ Երվանդ Մանարյանը, Աշոտ Ադամյանը, դիրիժոր Օհան Դուրյանը, օպերային երգչուհի Ալիս Դուրյանը, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, գրող Լեւոն Խեչոյանը եւ այլք։ Նստացույցին ներկա կլինեն նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները։



























