Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը մշակել է «Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարություն (2010-2020 թթ.)»:  Ըստ այդմ պետք է բարեփոխումներ իրականացվեն ստանդարտացման, չափագիտության, հավաստագրման, փորձաքննության եւ սերտիֆիկացման բնագավառներում: Իսկ ի՞նչ կարծիք ունեն սրա վերաբերյալ մասնավոր ընկերությունները:

Logistic Consulting Group կորպորացիայի տնօրեն Սարգիս Մամյանն ասում է, որ նախ պետք է քննարկել արտադրության ներլոգիստիկ համակարգի պահանջները, որից հետո միայն խստացնել սերտիֆիկացիոն պահանջները: «Ներկա պահին ընկերություններում եւ պետմարմիններում ավելի շատ են ուշադրություն դարձնում սերտիֆիկացմանը, բայց նրանցից շատերը ուշադրություն են դարձնում հարցի միայն ձեւական կողմին, սերտիֆիկացման իմիջային բաղկացուցիչին, սերտիֆիկացումը չկապելով սեփական բիզնեսը արմատապես բարելավելու հնարավորության հետ»,-NEWS.am-ին ասաց Ս. Մամյանը:

Նրա կարծիքով` հարկավոր է կազմակերպությունների մեծ մասի որակի աուդիտ անցկացնել, ինչը թույլ կտա տվյալ կազմակերպության համակարգային գնահատականը ստանալ` ծախսումների առումով օպտիմալ որոշումների մշակման նպատակներով: «Եթե խստացնենք եվրոպական ստանդարտների կիրառումը, բայց չօգնենք արտադրողներին կառավարման հարցում` կստանանք շատ տխուր պատկեր»,- եզրակացնում է Logistic Consulting Group-ի տնօրենը: