Սանկտ-Պետերբուրգում ընթացող եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան հանդիպումների փաստը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը դրական է համարում։ «Ինքնին հանդիպումների փաստն ու քանակը արդեն իսկ առաջընթաց է։ Այդ հանդիպումներում եւս մեկ անգամ հնչեցվում են կողմերի դիրքորոշումները։ Հայաստանի դիրքորոշման մասին արդեն բազմիցս է հայտարարվել եւ այդ դիրքորոշումը հայտնի է բոլոր այն երկրներին, որտեղ ընթացել են բանակցային հանդիպումներ։ Այսինքն՝ ինքնին հանդիպումների փաստը մեծ առաջընթաց է, չնայած որ առաջընթաց ասելով սովորաբար հասկանում ենք միանգամից հարցի լուծում»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Ավագյանը։ Նա նաեւ ընդգծեց, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է հենվի «Մադրիդյան սկզբունքների» վրա՝ հավելելով.  ««Մադրիդյան սկզբունքները» այն փաստաթուղթն է, որի շուրջ շարունակվելու են բանակցությունները, եւ այն դիրքորոշումները, որոնք Հայաստանը հնչեցնում էր մի քանի տարի առաջ, միգուցե անընդունելի էին, սակայն այսօր այդ դիրքորոշումները լսվում են նաեւ Ադրբեջանի կողմից»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից արվող ռազմատենչ հայտարարություններին եւ դրանց ազդեցությանը բանակցային գործընթացի վրա, պատգամավորն ասաց. «Երբ այդ հայտարարությունները առաջին մի քանի անգամն էին լինում, դա անկեղծ ասած, ես մեկ այլ կերպ էի հասկանում։ Սակայն, երբ այդ հայտարարությունները սերիալային բնույթ ստացան, դրանք այլեւս լուրջ ընկալվել չեն կարող եւ ոչ մեկի կողմից, այդ թվում եւ Ադրբեջանի հասարակության։ Փաստ է, որ նման հայտարարություններից հետո Ադրբեջանի նախագահը շատ խելոք գալիս-նստում է բանակցային սեղանի շուրջ եւ լսում հայկական կողմի դիրքորոշումներն ու մեկնաբանությունները»:  

NEWS.am-ի  հետ զրույցում Կարեն Ավագյանն անդրադարձավ նաեւ հունիսի 21-ին մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերաակտիվացման հարցին՝ նշելով, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պետք է կարողանա հստակ իրականացնել այն քաղաքականությունը, որն իրականացնում է Հայաստանը։ «ԼՂ հարցի լուծման ֆորմատը պետք է լինի միայն մեկը՝  ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Թուրքիան  հայ-թուրքական գործընթացի ընթացքում բազմիցս փորձեց ներգրավվածություն ունենալ ԼՂ խնդրի կարգավորման հարցում, սակայն նրան դա թույլ չտրվեց։ Այժմ էլ նույն փորձը կրկնում է ԵԽԽՎ ազգությամբ թուրք նախագահ Չավուշօղլուն։ Կրկին անգամ շեշտեմ, որ ՀՀ-ի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը պետք է արտացոլվի նաեւ ԵԽԽՎ-ում եւ պետք է բացառվի ԼՂ հարցով այլ ֆորմատների ստեղծումը»: