Ստրասբուրգում այսօր` հունիսի 21-ին, մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանին մասնակցելու համար Հայաստանյան պատվիրակությունը Ստրասբուրգ է մեկնել հետեւյալ կազմով` պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյան, Հերմինե Նաղդալյան` (ՀՀԿ), Արմեն Ռուստամյան (ՀՅԴ), Արծրունի Աղաջանյան` (ՕԵԿ) եւ Զարուհի Փոստանջյան` («Ժառանգություն»):
Նշենք, որ ԵԽԽՎ այս նստաշրջանի ընթացքում բավական թեժ օրեր են սպասվում: Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ 34 պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ`կոչ անելով վերաակտիվացնել դեռեւս 2005թ. ընդունված1416 բանաձեւի հիման վրա ստեղծված Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը: Սպասվում է, որ այս հարցը կդրվի ԵԽԽՎ Բյուրոյի քվեարկությանը, ինչից հետո պարզ կդառնա` կվերագործարկվի՞ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը, թե` ոչ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ԵԽԽՎ բյուրոն կարող է քվեարկել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերականգնման օգտին:
Նրա կարծիքով, ենթահանձնաժողովի աշխատանքի վերականգնման դեպքում հայկական կողմը պետք է բոյկոտի հանձնաժողովի գործունեությունը՝ զրկելով դրան լիազորություններից: «Մեզ համար անընդունելի է ղարաբաղյան հարցի քննարկումը ԵԽԽՎ ձեւաչափով, դա կարող է վնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի տակ ընթացող բանակցություններին»,- ասել էր պատգամավորը:
Բացի այդ, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ հնարավոր է քննարկվի Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների` ՀՀ պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցը: Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում լսվելու է նաեւ ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադի`« 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններում բանակի ներգրավման վերաբերյալ» վերնագիրը կրող բանաձեւի նախագիծը:




























