«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր` հունիսի 21-ին, առավոտյան ժամը 10-ին պիկետ է սկսել  Ազգային Ժողովի Դեմիրճյան փողոցի կողմից մուտքի մոտ: Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում մի քանի երիտասարդներ թռուցիկներ են բաժանում անցորդներին:

Նախաձեռնությունը նաեւ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. ««Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված շարժման նպատակների հետ համերաշխության համերգը արգելվեց քաղաքապետարանի կողմից` օրենսդրությամբ չսահմանված պատճառաբանությամբ: Համերգին մասնակցելու իրենց համաձայնությունը տված կատարողներ Վահան Արծրունին,  Էդվարդ Զորիկյանը, Մհեր Մանուկյանը  եւ Մկրտիչ Մկրտչյանը երկուշաբթի՝ հունիսի 21-ին, ժ.13-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում, Տերյան փ. 3 հասցեով, իրենց մտահոգությունը կհայտնեն թե՛ օտարալեզու դպրոցների վերաբացման ճիգերի, թե՛ քաղաքապետարանի որոշման վերաբերյալ»:

Նշենք, որ վաղը` հունիսի 22-ին հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաեւ օտարալեզու դպրոցներ բացելու վերաբերյալ Կառավարության ներկայացրած օրինագիծը: