Նախաքննական շրջանում քննական թեստերի արտահոսք թույլ տալը հանցագործություն է, որը կազմակերպվել է Գիտելիքների թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) ներսից: Այսօր` հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ Կրթության, գիտության, սփյուռքի, երիտասարդության, սպորտի եւ մշակույթի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը: «Թեստերի արտահոսք կազմակերպողը հենց ԳԹԿ ներսից է, եւ դրա ամբողջ պատասխանատվությունը պետք է դրվի ԳԹԿ տնօրենի վրա: Այսպիսի հանցագործ վերաբերմունքը երեխաների գիտելիքների ստուգման նկատմամբ կբերի նրան, որ մենք կերազենք անգամ այսօրվա կրթության որակը», -ընդգծեց նա:
Անդրադառնալով ԳԹԿ-ի ու Կրթության եւ գիտության նախարարության լիազորություններին՝ Ա. Բախշյանը նշեց, որ ԳԹԿ-ն պետք է անկախ մարմին լիներ եւ անհրաժեշտության դեպքում ԿԳՆ-ին զգոնության կոչ աներ, այնինչ թեստերի անորակության հետ կապված ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն իրեն պահեց որպես ԳԹԿ ղեկավար: «Ինքը Կրթության եւ գիտության փոխնախարարն է, իսկ թեստավորման կենտրոնն ունի իր ղեկավարը, որի լիազորություները բավական մեծ են: Հասարակությունը պետք է հասկանա, որ կրթության քաղաքականությունը իրականացնող նախարարության աուդիտորը պետք է լինի անկախ մարմին»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ իսկապես թեստերը լավ չեն կազմվել, դրանց պահանջները չեն բխում պետական կրթակարգից եւ պետական չափորոշիչից:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը միանա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականը պահանջողների բանակին, Բախշյանը պատասխանեց. «Այսօրվա նախարարը իմ իմացած վերջին տարիների նախարարների մեջ ամենասկզբունքային մարդն է, այդ առումով` ոչ, ես չեմ կարող պահանջել հրաժարական: Նա այնուամենայնիվ, տեր է կանգնում իր բնագավառին եւ նրա վրա ճնշումներ տարբեր կողմերից լինում են, բայց եթե ինքը մի բան ասում է, ապա դա կանի մինչեւ վերջ, եղա՞վ»:
Հիշեցնենք, որ Աշոտյանի հրաժարականը պահանջում են նաեւ օտարալեզու դպրոցներ վերաբացելու նախաձեռնությունը պաշտպանելու համար, իսկ «Ժառանգությունը» դեմ է նման դպրոցների վերաբացմանը Հայաստանում:




























