Եթե Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով ստեղծվի, դա կնշանակի, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը լուրջ բացթողում է թույլ տվել, քանի որ այս հարցում այսօր շատ բան կախված է հենց իշխող կուսակցություններից։ NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նման միտք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նա ընդգծեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը արդեն իսկ ակտիվ պայքար է սկսել այդ ենթահանձնաժողովի ստեղծման դեմ։ «Մենք նմանօրինակ ենթահանձնաժողովի ստեղծման անթույլատրելիության մասին նամակներ ենք ուղարկել ԵԽԽՎ գրեթե բոլոր պատգամավորներին, ինչպես նաեւ կազմակերպության ղեկավարներին»,- նկատեց նա։

Նշենք,որ այսօր մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը։ Սպասվում է, որ ԵԽԽՎ Բյուրոն ԵԽԽՎ ազգությամբ թուրք  նախագահ Մեւլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման հարցը։ Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ 34 պատգամավորներ կոչ են արել ակտիվացնել այդ ենթահանձնաժողովը։