Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերականգնումն այսօր էլ արդիական է: Հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ի նախագահ Մեվլյութ Չավուշօղլուն:

«Հնարավոր է այդ ենթահանձնաժողովը վերականգնվի ԵԽԽՎ-ի այս նստաշրջանում: Սա արդիական հարց է:  Ես մտադրված եմ հանդիպել ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների նախագահների, ինչպես նաեւ անդամների  հետ»,- ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Չավուշօղլուն: Նրա խոսքով, հունիսի 25-ին անցկացվող Բյուրոյի նիստի ժամանակ, նախքան այս հարցով վերջնական որոշումը կայացնելը, ներկայացվելու է զեկույց:

Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը դադարեցրել է իր աշխատանքերն այն բանից հետո, երբ մահացավ հիշյալ մարմնի ղեկավար լորդ Ռասել Ջոնսոնը:

Ավելի վաղ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ հնարավոր է ԵԽԽՎ-ի բյուրոն կողմ քվեարկի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքերի վերսկսմանը: Նրա կարծիքով, ենթահնաձնաժողովի վերականգման դեպքում հայկական կողմը պետք է բոյկոտի նրա աշխատանքերը, դրանով իսկ հանձնաժողովին զրկելով լիազորություններից:

«Մեզ համար անընդունելի է արցախյան հարցը ԵԽԽՎ-ի ձեւաչափ տեղափոխելը, այն կարող է խանգարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին»,-ասել է պատգամավորը: