NEWS.am-ի խմբագրությունն օրեր առաջ մի նյութ էր հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացրել էր իրենց իսկ տան մի հատվածից զրկվելու վտանգի առաջ կանգնած Սարգսյանների ընտանիքի պատմությունը։
Ըստ այդ պատմության՝ ընտանիքի հայրը՝ Մանվել Սարգսյանը 1976 թվականից աշխատել եւ բնակարան ստանալու համար հաշվառվել էր Երեւանի կաթի կոմբինատում՝ պայմանով, որ մինչ բնակարան ստանալը պետք է ապրի նույն գործարանի կողմից իրեն տրամադրված 39 ք/մ տարածքով սենյակում։ Սակայն գործարանի տված խոստումը՝ առժամանակ հետո բնակարանով ապահովել Սարգսյաններին, անկատար էր մնացել, ինչն էլ հիմք էր հանդիսացել, որպեսզի Մանվել Սարգսյանը 39 ք/մ ընդհանուր մակերեսով սենյակին կից 1992 թվականին իր իսկ միջոցներով 37,1 ք/մ տարածքով սանհանգույց, խոհանոց եւ լողասենյակ կառուցի։ Մանվել Սարգսյանի փորձերը, սակայն, սեփականաշնորհել իր կողմից ավելացված տարածքը, պարբերաբար խոչընդոտների են հանդիպել, մինչեւ որ 2007 թվականին Երեւանի կաթի կոմբինատի իրավահաջորդ Գագիկ Խաչատրյանը գործարանի սեփականություն հանդիսացող տարածքն ազատելու հայցով դիմել էր դատարան՝ այս կերպ ցանկանալով իրենց իսկ ջանքերով կառուցած բնակելի մասից վտարել Սարգսյաններին։
Սարգսյանների ընտանիքի վտարման ժամկետ էր սահմանվել 2010 թվականի հունիսի 9-ը, սակայն դատարանի որոշումը հետաձգվել էր՝ պայմանով, որ ուժի մեջ կմտնի հունիսի 22-ին։ Մանվել Սարգսյանի կինը՝ Վերմիկ Կարապետյանը (ով եւ հանդես է գալիս իբրեւ գործի մյուս կողմ), սակայն, հույս ունի մինչեւ որոշման՝ օրենքի ուժ ստանալը խուսափել վտարումից։ Դրա համար նա դիմում է գրել նույնիսկ ՀՀ կառավարություն՝ հույս ունենալով, որ հարցին, ի տարբերություն Գույքի կառավարման վարչության եւ կադաստրի պետական կոմիտեի, ընթացք կտա գոնե գործադիրը։
Վերմիկ Կարապետյանն իրեն օգնելու ակնկալիքով դիմել է նաեւ ՀՀ Մարդու իրավունքերի պաշտպան Արմեն Հարությունյանին եւ նրանից պատասխանի է սպասում մոտ օրերին։
Իսկ մինչ այդ, վաղը՝ հունիսի 22-ին, լրանում է դատարանի կողմից սահմանված ժամկետը, երբ Սարգսյանների ընտանիքը ստիպված պետք է լքի իր բնակարանի մի մասը։


























