Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն այցելեց Գեռլա քաղաք, որտեղ հանդիպել է քաղաքապետ Դրագան-Ջուրջան Իոնել Օվիդիուի հետ եւ տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե մայր տաճարում մասնակցել է Գրիգոր Լուսավորչի տոնին:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետարանում ծավալված զրույցին, որին մասնակցել են նաեւ նախկին նախարար, սենատոր, Ռումանահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, մտքեր փոխանակվեցին Գեռլա քաղաքում հայկական մշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ Հայաստանի հետ կապերի հաստատման շուրջ: Քաղաքապետ Դրագան-Ջուրջան Իոնել Օվիդիուն տեղեկացրել է, որ Գեռլայի պատմական կենտրոնը, որտեղ  պահպանվում են հայկական հին շինությունները եւ հաստատությունները, քաղաքի հարստությունն են եւ գտնվում են քաղաքային իշխանությունների մշտական հոգածության ներքո: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում շարունակել խորհրդակցությունները Հայաստանի հետ ապակենտրոնացված մակարդակով կապերի ձեւավորման կոնկրետ քայլերի ուղղությամբ:

Այնուհետեւ հանդիպման մասնակիցները, ինչպես նաեւ Ռումինիայի ԱԺ պատգամավորներ եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ Գեռլայի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե մայր տաճարում ներկա եղան Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական ժամերգությանը, որը կատարվեց հայկական ծեսով եւ որին մասնակցելու համար ժամանել էին հարյուրավոր հայեր Տրանսիլվանիայի տարբեր բնակավայրերից եւ սահմանակից Հունգարիայից:

Գեռլա քաղաքը հիմնվել է 18-րդ դարի սկզբին Մոլդովայից Տրանսիլվանիա գաղթած հայերի կողմից` կայսերական հրովարտակով, որով հայերն ստացել են տեղացիներին հավասար իրավունքներ: Մոտ մեկուկես դար քաղաքը կոչվել է Արմենոպոլիս: