«Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ կյանքի կոչեց իր ռազմատենչ նկրտումները: Ազերիների հատուկ նշանակության ջոկատը հունիսի 18-ին, ժամը 23.30-ին դիվերսիա կատարեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի ուղղությամբ, ինչը ԼՂՀ պաշտպանության բանակը վնասազերծեց` խափանելով ոչ միայն դիվերսիոն խմբի սադրանքը, այլ նաեւ ելուզակի հոգեբանությամբ առաջնորդվող ալիեւյան վերնախավի ծրագրերը»,- նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգությունը»:

«Ցավոք սրտի, ԼՂՀ զինված ուժերը պետության սահմանները պաշտպանելիս կորուստներ ունեցան` զոհվեցին 4 եւ վիրավորվեցին նույնքան զինծառայող, որոնց ընտանիքներին խորապես ցավակցում ենք` մխիթարելով, որ զոհումը հանուն հայրենիքի էր:

Անկախ եւ դեռ չճանաչված Արցախի հանդեպ Ադրբեջանի հերթական ագրեսիան «Ժառանգությունը» ոչ միայն դիտարկում է որպես ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության` 1994 թվականին հաստատված հրադադարի հերթական միակողմանի կոպիտ խախտում, այլ նաեւ Արցախի դեմ նոր ագրեսիայի անթաքույց նախապատրաստում, ինչի հիմքերից մեկն էլ նույն օրը` հունիսի 18-ին, Ադրբեջանի Միլի Մեջլիսի կողմից Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություն նախատեսող` պատերազմի դեպքում նախագահի եւ խորհրդարանի լիազորությունների երկարաձգման մասին օրինագծի ընդունումն է: Սանկտ-պետերբուրգյան եռակողմ հանդիպումից ժամեր անց Ալիեւի շտապ մեկնումը եւ տեղի ունեցած սադրանքը ասվածի լրացուցիչ ապացույց են, ինչը պետք է լուրջ ահազանգ հանդիսանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հարավային Կովկասում խաղաղությունը գնահատող միջազգային տարբեր կառույցների եւ երկրների համար:

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի չդադարող կռվազան հոխորտանքները եւ արձանագրված վերջին ագրեսիան` Ժառանգությունը կոալիցիայի ղեկավարներից պահանջում է մեկնաբանություններում կամ գնահատականներում այսուհետ ձեռնպահ մնալ մենք հավատարիմ ենք մնում հարցի խաղաղ բանակցային կարգավորման սկզբունքին ձեւակերպումներից, քանի որ թե հակառակ կողմը եւ թե  միջնորդներն ու միջազգային հանրությունը հայկական կողմի նման անվերապահ պատրաստակամությունը դիտարկում են որպես թուլության եւ տարածքներ հանձնելու պատրաստակամության բացահայտ նշան, հատկապես որ` նման ոգով հաճախ է արտահայտվում կոալիցիայի առաջնորդը` չունենալով Արցախի ժողովրդի եւ իշխանությունների աջակից լիազորությունը:

«Ժառանգությունը», հավատարիմ իր մոտեցմանը, ՀՀ իշխանություններից կրկին պահանջում է` Արցախի սահմանադրապատկան սահմաններում ճանաչել հայկական երկրորդ պետության կայացած անկախությունը, պետական ծրագրով նպաստել Արցախի լայնածավալ վերաբնակեցմանը եւ դիվանագիտական բոլոր լծակների ու սփյուռքահայ կառույցների հնարավորությունների համատեղմամբ նախաձեռնել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ: