«Հանրապետություն» կուսակցության հերթական՝ վեցերորդ համագումարի ուշացման պատճառն այն է, որ կուսակցությանը չի հաջողվում համագումարի անցկացման համար դահլիճ գտնել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։ «Կառավարությունը ոչ մի կերպ մեզ դահլիճ չի տրամադրում։ Կա նաեւ Մշակույթի նախարարի հրամանը՝ կուսակցություններին դահլիճ չտրամադրելու վերաբերյալ»,-նշեց Զեյնալյանը՝ նշելով, որ կուսակցությունն այդ խնդրանքով դիմել է մի շարք հաստատությունների, մասնավորապես՝ Հայպետֆիլհարմոնիային, մարզահամերգային համալիրին, սակայն մերժվել է։
Հարցին՝ դահլիճ չգտնելու հանգամանքը կարո՞ղ է դառնալ համագումարի անվերջ ձգձգման պատճառ, եւ հնարավո՞ր է, որ համագումարն այս անգամ էլ անցկացվի բացօթյա՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը պատասխանեց. «Դահլիճ չտրամադրելը միջամտություն է կուսակցության, միավորումների ազատության իրավունքին։ Իսկ կուսակցության համագումարը միտինգ չէ, որ բացօթյա իրականացվի։ Դա կուսակցության կառավարման, կազմակերպչական հարցերին վերաբերող հավաք է, որի համար պետք են աշխատանքային պայմաններ, փակ տարածք»: Զեյնալյանն այնուհետ հավելեց, որ փորձում են դահլիճ չտրամադրելու խնդրին իրավական լուծում տալ եւ այդ մասին համապատասխան հաղորդագրություն կտարածեն։
Հիշեցնենք, որ կուսակցության վերջին՝ 5-րդ համագումարը տեղի է ունեցել 2005 թվականի նոյեմբերին։ Այն ժամանակ էլ, քանի որ կուսակցությանը դահլիճ չտրամադրվեց, համագումարն անցկացվեց բացօթա պայմաններում` Մատենադարանին հարող տարածքում:


























