Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը աշխատանքային այց է կատարել Իտալիայի գյուղատնտեսության եւ զբոսաշրջիկության բնագավառում առաջատար` Տոսկանայի նահանգ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցելության ընթացքում դեսպանը նահանգի մայրաքաղաք Արեցցոյում հանդիպումներ է ունեելվ նահանագապետ Ռ. Վազայի, Արեցցոյի քաղաքապետ Ջ. Ֆանֆանի, ինչպես նաեւ` նահանգի հոգեւոր առաջնորդ արքեպիսկոպոս Ռ. Ֆոնտանայի հետ:
Հանդիպումների ընթացքում դեսպանը քննարկել է Արեցցոյի նահանգի հետ փոխշահավետ համագործակցության հաստատման, քաղաքային եւ նահանգային մակարդակով կապերի խթանման, տնտեսական եւ մշակութային միջոցառումների կազմակերպման հնարավորությունները:
Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում կազմակերպել հայ-իտալական գործարար համաժողով Արեցցոյում, ինչպես նաեւ նախատեսել հաջորդ տարվա ընթացքում Արեցցոյի նահանգապետի այցը Հայաստան: Նահանգային իշխանությունները պատրաստակամություն են հայտնել հայ գրատպության հոբելյանական միջոցառումների համար համապատասխան տարածքներ տրամադրել Արեցցոյում:
Այցի շրջանակներում դեսպան Ռ. Կարապետյանը այցելել է Ռոնդինե, ուր տեղակայված է «Խաղաղության ամրոց» հասարակական կազմակերպության ուսանողական ավանը: Դեսպանը հանդիպում է ունեցել աշխարհի շուրջ 25 երկրներից, այդ թվում նաեւ միջազգային հակամարտությունների տարբեր գոտիներից Իտալիայում ուսանող երիտասարդների եւ կազմակերպության ղեկավար պրոֆ. Ֆ. Վակարիի հետ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռոնդինեի պատվիրակությունը առաջիկայում առաջին անգամ կայցելի տարածաշրջան, այդ թվում` Հայաստան, ուր ՀՀ ղեկավարությանը կհանձնի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իր ընդունված 14 կետանոց Հռչակագիրը: Դեսպանը հատուկ շեշտել է այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելության անհրաժեշտությունը եւ Ռոնդինեում ԼՂՀ-ից ուսանող ունենալու կարեւորությունը:


























