Կանադայի Լիբերալ կուսակցությունն իր վրդովմունքն է արտահայտել  «Իսլամական պետություն» ռազմական խմբավորման կողմից  սիրիական Դեր-էզ-Զոր քաղաքում Սուրբ Նահատակների հայկակական եկեղեցու ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի պայթեցման կապակցությամբ:

«Եկեղեցու ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի պայթեցումը շատ ցավալի է: Բացի վերջին հանցագործությունից՝ ԻԼԻՊ-ը ոչնչացրել է շատ այլ վանքեր, մզկիթներ, սրբավայրեր, մշակութային արժեքավոր վայրեր: Այդ սրբավայրերը, շատ դեպքերում, դարեր շարունակ պաշտպանվել են տարբեր դավանանքների ներկայացուցիչների կողմից: ԻԼԻՊ-ը շարունակում է ցույց տալ, որ չի հարգում միջազգային նորմերը կամ մշակույթն ու կրոնները, որոնք տարբերվում են իր նեղ, այլասերված գաղափարաբանությունից»,- նշել է Լիբերալ կուսակցության անդամ Մարկ Գարնոն, ով զբաղվում է արտաքին գործերով:

«Այդ հուշարձանի կորուստը կանդրադառնա ոչ միայն հայ ժողովրդի, այլ ամբողջ աշխարհի վրա: Ամոթ է, որ ԻԼԻՊ-ի թիրախում է հայտնվել մի օբյեկտ, որը նվիրված է հիշատակին ու խաղաղեցմանը»,- նշել է կուսակցության անդամ Ջոն Մաքալումը, ով զբաղվում է մուլտիկուլտուրալիզմի հարցերով:

Կանադայի խորհրդարանում Լիբերալ կուսակցության անդամ Արնոլդ Չենը հայտարարել է. «Լիբերալ կուսակցությունը միասնական է հայ ժողովրդի հետ ու դատապարտում է այդ սարսափելի հարձակումը սրբավայրի վրա: Աշխարհը ցնցված է ԻԼԻՊ-ի շարունակվող դաժանությունից, եւ սարսափների այդ երկար ցուցակում սա վերջինն է»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը, «Իրաքի եւ Լեւենտի Իսլամական պետություն» խմբավորման անդամներն ականապատել էին ու պայթեցրել Սուրբ Նահատակաների հայկական եկեղեցին Դեր-էզ-Զոր քաղաքում: Դեր-էզ-Զոր անապատը հայերի մահվան ճանապարհն էր դարձել, որոնք զոհվել էին Օսմանյան կայսրության ծրագրած ու իրականացրած ցեղասպանության հետեւանքով: