Հնդկաստանում կրոնական տոնի ժամանակ հրմշտոցի հետեւանքով 32 մարդ է զոհվել, մոտ 100-ը վնասվածք են ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

«Զոհերի թվում մեծամասամբ կանայք ու երեխաներ են»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Բիհար նահանգի վարչական կենտրոն Պանտե քաղաքի Գանդիի հրապարակում, որտեղ հավաքվել էր ավելի քան 500 հազար մարդ: Կտրված էլեկտրահաղորդալարերի մասին լուրը տարածվել է ամբոխի շրջանում, ստիպել մարդկանց խուճապահար լքել հրապարակը, ինչի հետեւանքով հրմշտոց է առաջացել:

Ամբողջ Հնդկաստանում հոկտեմբերի 3-ին տոնում են կրոնական Դասերա տոնը, որը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ: Արարողության գագաթնակետը «Ռավանա դահանն» է, որն ուղեկցվում է Ռավանայի եւ նրա երկու եղբայրների թղթե խրթվիլակների հրկիզմամբ: Սովորաբար տոնն ուղեկցվում է զանգվածային տոնակատարություններով: