Միջքաղաքային ավտոբուսի վարորդն ակամա օգնել է հայտնաբերել կանեփի պլանտացիա այն բանից հետո, երբ Լիվերպուլում ավտոբուսով մխրճվել է տան մեջ, գրում է «The Independent»-ը:
Ոստիկանության տվյալներով՝ 60-ամյա տղամարդն ընթացքի մեջ իրեն վատ է զգացել, չի վերահսկել մեքենայի կառավարումը եւ բախվել է երկհարկանի տանը: Վարորդին հասցրել են հիվանդանոց, այնտեղ պարզվել է, որ միայն թեթեւ վնասվածքներ է ստացել: Աննշան վնասվածքներ են ստացել նաեւ ավտոբուսի 8 ուղեւորներ, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Ավտոպատահարի հետեւանքով շենքում գազի արտահոսք է տեղի ունեցել. արտակարգ ծառայությունները, որոնք դեպքի վայր են հասել, լքված տանը կանեփի պլանտացիաներ են հայտնաբերել: Այնուհետ ոստիկանությունը հետախուզել է մոտակա շինություններն ու բույսի եւս մի քանի թուփ հայտնաբերել: Փաստի առթիվ ոստիկանությունը վարում է հետաքննություն:



























