Ճապոնիայի կենտրոնական հատվածում նախորդ շաբաթ տեղի ունեցած Օնտակե հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել է 50-ի, հաստատում են բժիշկները։
Այս մասին շաբաթ օրը հայտնել են երկրի հրշեջ վարչությունից, որը ԱԻՆ-ի գործառույթներ է իրականացնում։
Մեկ շաբաթ անց հրաբխի լանջերին շարունակվում են փրկարարական աշխատանքները, որոնց մասնակցում են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի հազարավոր զինծառայողներ։ Այսօր փրկարարները եւս չորս մարմին են հայտնաբերել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Անհետ կորած է համարվում 16 մարդ, սակայն փրկարարները կարծում են, որ այս ցանկը կարող է զգալի ընդլայնվել, քանի որ ոչ բոլոր զբոսաշրջիկներն են տեղի իշխանություններին իրազեկում հրաբխային գոտի այցելելու մտադրության մասին։
Օնտակե լեռան ստորոտի ավտոկայանատեղում 20 ավտոմեքենա է մնացել, որոնց տերերի հետ առայսօր չի հաջողվում կապվել։
Գործող Օնտակե հրաբուխը Տոկիոյից 200 կմ արեւմուտք է ընկած։
Դրա նախորդ խոշոր ժայթքումը 2007 –ին էր եղել, ոչ ոք չէր տուժել։



























