Սիրիայում վերջերս հայկական եկեղեցու պայթեցման փաստը սարսափեցրել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնին, ում խոսքերով՝ իրեն միշտ մտահոգել է այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը շարունակ կրկնվում է։

«1915 թվականից ի վեր եղել են բազում փաստեր, երբ փորձեր են արվել հայերին սպանել միայն նրանց ազգային պատկանելության ու կրոնական դավանանքի պատճառով։ Պարզապես սարսափելի է նաեւ այն փաստը, որ հայկական եկեղեցի են մեր օրերում պայթեցնում այնտեղ, որտեղ 1915 թվականին բազում հայեր են դարձել ցեղասպանության զոհ», - «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է:

Փալոնի խոսքերով՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ոչնչացնելու համար, ԱՄՆ-ի ու նրա դաշնակից երկրների կողմից իրականացվող օդային գրոհներից բացի, հարկավոր է արմատախիլ անել այս խմբավորման ծայրահեղական գաղափարախոսությունը․ - «Կրոնական ծայրահեղ դրսեւորումների վրա հիմնված այդ գաղափարախոսությունն է ծնում ատելություն, որի դեմ հարկավոր է անկոտրում պայքար մղել, պայքար մղել ամենուր, ուր տեղի են ունենում ցեղասպանություններ»:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հայ - ամերիկյան կապերն ավելի ամրապնդելու հարցի շուրջ խոսելով՝ Ֆրենք Փալոնը հիշեցրեց Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կողմից իրականացվող գործունեության մասին, որի ջանքերով աճում են առեւտրի ծավալները երկու երկրների միջեւ, օժանդակություն է հատկացվում Հայաստանին, անցկացվում են խորհրդարանականների այցելություններ, տեղի են ունենում մշակութային միջոցառումներ, «ինչը շատ է օգնում, որ ամերիկացիները լավ ճանաչեն Հայաստանի մշակույթը, տեղեկացվեն Հայոց ցեղասպանության մասին»։

«Եթե Հայաստանն ի վերջո միանա Մաքսային միությանը, կարծու՞մ եք արդյոք, որ այն կտուժի քաղաքականապես ու տնտեսապես, եւ եթե այո, ապա ի՞նչ կարող է անել Ամերիկան Հայաստանին այս պայմաններում օժանդակելու ուղղությամբ։ Չէ որ Ռուսաստանն արդեն իսկ զգում է միջազգային պատժամիջոցների ազդեցությունն իր տնտեսության վրա», - այս հարցին ի պատասխան՝ կոնգրեսականն ընդգծեց, որ ի տարբերություն, օրինակ, Եվրոպական միության՝ Մաքսային միությունը պարտադրված միություն է։ «Ես չեմ կարող ասել, թե Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանի տնտեսությունը կշահի կամ կտուժի։ Ինձ մտահոգում է այն հարցը՝ արդյոք Մաքսային միությունը Ռուսաստանը կազմում է լա՞վ նպատակների համար, թե՞ ոչ։ Կարող եմ ենթադրել միայն, որ դրա առաջնային նպատակը նախկին խորհրդային հանրապետություններին նորից իր ուղեծիր մտցնելն է», - ասաց Փալոնը:

Սակայն միեւնույն է՝ Ամերիկան շարունակելու է Հայաստնի հետ կապերի ամրապնդումը, վստահեցրեց կոնգրեսականն ու նշեց, որ պատժամիջոցներն ուղղված են ընդդեմ Ռուսաստանի: Նույնիսկ Մաքսային միության կազմում Հայաստանը չի հայտնվելու միջազգային պատժամիջոցների ներքո։ Իսկ եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդեն նաեւ Հայաստանի վրա, ԱՄՆ-ը կիրակացնի քայլեր՝ Հայաստանի հետ իր առեւտրի ծավալներն ընդարձակելու համար։

Հայ - թուրքական արձանագրությունները հետ կանչելու Հայաստանի մտադրությունը կոնգրեսական Ֆրենք Փալոնը համարում է «լիովին խելացի քայլ»։ Նրա խոսքերով՝ արձանագրությունները փաստացի մեռած են, ու արդարացված է դրանց հետկանչը, երբ դրանց գոյությունն արդեն անիմաստ է։

Հայ - ադրբեջանական հակամարտությունը լուծելու հարցում ամենամեծ խնդիրը կոնգրեսականը տեսնում է Ադրբեջանի ղեկավարների հռետորաբանության ու բարձրագոչ հայտարարությունների մեջ։

«Այս իրադրությունը նորից խորը հակամարտության չվերածելու համար հարկավոր է քաղաքականից զատ այլ բնագավառներում դնել երկու կողմերի միջեւ համագործակցության հիմքեր», - ասաց կոնգրեսականն ու շարունակեց․ - «Կլինի ջրային ռեսուրսների օգտագործման, թե գյուղատնտեսության բնագավառում համագործակցությունը, թե այլ բնագավառ՝ այսպիսո՛վ միայն հնարավոր կլինի մեղմել լարվածությունը։ Սակայն ափսոս, որ այս ուղղությամբ իրական քայլեր չեն իրականացվում։ Ու եթե նման համագործակցության ցանկություն արտահայտվի, ԱՄՆ-ի Կոնգրեսը ջերմորեն կաջակցի այն ու պատրաստ կլինի մեծապես ֆինանսավորել»։