Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 4–ին ընդունել է Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Մարլեն Մուրիեի գլխավորությամբ։

Ողջունելով պատվիրակության անդամների այցը Արցախ, Կարեն Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել ԼՂՀ եւ Ֆրանսիայի միջեւ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման կապակցությամբ, նշելով, որ երկու երկրների համայնքների միջեւ ուղիղ կապերի հաստատումը կարեւոր ներդրում է Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների զարգացման գործում։

Մարլեն Մուրիեն իր հերթին հույս է հայտնել, որ Ֆրանսիայի տարբեր համայնքների հետ ապակենտրոնացված համագործակցության հաստատումը կնպաստի ԼՂՀ կապերի ընդարձակմանը արտաքին աշխարհի հետ, ընդգծելով, որ ֆրանսիական համայնքների ներկայացուցիչները դառնում են յուրահատուկ դեսպան այսպիսի համագործակցության ընդարձակման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում գործնական համագործակցության հաստատման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։