Կանադացի թոշակառու Լեոն Հիրթլը լոտոյով մոտ 14 մլն դոլար է շահել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Atlantic Lottery» միավորման ներկայացուցչին:

Հիրթլը, նշում է աղբյուրը, ապրում է Նոր Շոտլանդիա նահանգում: Ամբողջ կյանքում ձկնորս է եղել եւ միայն երկու տարի առաջ է թոշակի անցել: «6 из 49» լոտոյի երջանիկ տոմսը Հիրթլը գնել է տեղի դեղատանը:

«Աղջիկը, ում ես ներկայացրի շահող կտրոնը, երկար չէր կարողանում հավատալ, որ ես միլիոնատեր եմ դարձել: Նա կանչեց ամբողջ անձնակազմին, նրանք միասին համեմատում էին շահող թվերը»,- պատմել է թոշակառուն լրագրողներին: Հիրթլը դեռ չի որոշել, թե ինչպես է վարվելու իր միլիոնի հետ:

«Atlantic Lottery»-ն խաղարկությունն անցկացնում է Կանադայի տարածքում սկսած 1976թ.-ից: Այս ընթացքում շահումային գումարը կազմել է ավելի քան 5,5 մլրդ դոլար: