64 տարեկան հասակում սրտի նոպայից վախճանվել է Հաիթիի նախկին նախագահ Ժան Կլոդ Դյուվալյեն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ մեջբերելով Հաիթիի առողջապահության նախարար Ռեյնոլդ Ժորժի հայտարարությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Դյուվալյեն 19 տարեկանում դարձել է աշխարհի ամենաերիտասարդ նախագահը: Նա Հաիթիի նախագահն էր 1971թ.-ի ապրիլից մինչեւ 1986թ.-ի փետրվարը: 1986թ.-ին երկրում սկսվեցին զանգվածային հակակառավարական ցույցեր, ինչի հետեւանքով Դյուվալյեն ստիպված էր հրաժարվել իշխանությունից եւ փախչել երկրից:
Ավելի ուշ իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում էին, որ Դյուվալյեի եւ նրա հոր կառավարման տարիներին Հաիթիում հազարավոր մարդիկ են սպանվել: Նա Ֆրանսիայից հայրենիք էր վերադարձել 2011թ.-ին՝ 2010թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո: Հայրենիք վերադառնալուց հետո Դյուվալյեն ձերբակալվել էր: Նրան մեղադրում էին կոռուպցիայի եւ գումարների անօրինական յուրացման մեջ:




























