Հունիսի 23-ին ԵԽԽՎ-ում Մոնիտորինգի տակ գտնվող եւ հետմոնիտորինգային երկրների վերաբերյալ զեկույցի եւ բանաձեւի քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել ելույթով, որտեղ նշել է, որ ԵԽ-ն հետեւողական չէ Հայաստանի ժողովրդավարության հիմնախնդիրների վերաբերյալ իր բանաձեւերի կատարման մեջ:
«Կառույցին անդամակցելուց հետո, թվում էր` մեր երկրում պետք է առաջընթաց լիներ, այնինչ ճիշտ հակառակն է. Փակվեցին այլընտրանքային հեռուստաընկերություններ («Ա1+»-ի վերաբերյալ ներկայում կա ՄԻԵԴ չիրականացված որոշում), տասնյակ քաղբանտարկյալներ բանտերում են, հարյուրավոր մարդիկ ապօրինաբար զրկվեցին իրենց սեփականությունից: Դժվար էր նաեւ հավատալ, որ ինչպես Խորհրդային կայսրության օրոք, այնպես էլ Հայաստանի ԵԽ անդամակցությունից առաջ ու հետո էլ ժողովրդի ընդվզումը ճնշելու համար Հայաստանում կօգտագործվի բանակի ուժը: 2008 թվականի մարտի 1-2-ին ՀՀ զինված ուժերի ապօրինի օգտագործմանը մինչ օրս պատշաճ գնահատական չի տրվել, իսկ տասը սպանությունների մեղավորները պատժված չեն:
Վիճակն անմխիթար է նաեւ Հայաստանի հարեւան երկրներում` բացառությամբ ԼՂՀ-ի (Արցախի): 1993-ից Հայաստանի հետ սահմանը փակած Թուրքիան ոչ միայն հրաժարվում է ճանաչել իր նախնիների իրագործած Հայոց ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումը` փաստացի շարունակելով բռնազավթած պահել հայերի պատմական բնօրրանի մեծ մասը, այլ նաեւ գործածության մեջ է պահում քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Թուրքիայում ծիլեր տվող քաղաքացիական հասարակության մշակներից Հրանտ Դինքը հենց հակահայկական սանձազերծված ազգայնամոլության զոհը դարձավ:
Ստալինի ու քեմալա-բոլշեւիկյան ապօրինի սահմանագծման հետեւանքով տիրանալով բնիկ հայկական Նախիջեւանին ու Ղարաբաղին` Ադրբեջանն ամբողջությամբ հայաթափեց Նախիջեւանը, իսկ օրինական անկախություն նվաճած Ղարաբաղի դեմ լայնածավալ ագրեսիա սկսեց: Անհաջողություն կրելով` Ադրբեջանը վայրագ հայատյացությամբ սկսեց ոչնչացնել Նախիջեւանի Ջուղայի հայկական խաչքարերն ու գերեզմանոցները: Մշակութային ժառանգության դեմ եղեռնագործությունը տեղի էր ունենում Եվրոպայի աչքի առաջ, եւ մինչ օրս այն չի դատապարտվել: Ադրբեջանի ղեկավարությունն անգամ անհանդուրժող է Խոջալուի մասին հորինված պաշտոնական վարկածը վիճարկող իր քաղաքացիների հանդեպ: Նրանցից Էյնուլա Ֆաթուլաեւն այժմ բանտում է (չնայած առկա է նրան ազատ արձակելու ՄԻԵԴ որոշում)` ինչպես բազմաթիվ այլ քաղբանտարկյալներ, ովքեր պայքարում են ժառանգական նախագահ Ալիեւի միահեծանության դեմ:
Վրաստանի հայաբնակ Ջավախքում օրախնդիր է դարձել հայկական ինքնության պահպանումը: Ջավախահայ հասարակական գործիչներից Վահագն Չախալյանը քրեական քողածածկույթով քաղբանտարկյալ է: ՏԻՄ վերջին ընտրությունների հետեւանքով ջավախահայությունը փաստացի զրկվեց երկրամասի հիմնախնդիրները պատշաճ վերհանելու եւ լուծելու հնարավորությունից: Մտահոգիչ է հայկական եկեղեցիների վիճակը, որոնց մի մասը վրաց եկեղեցու սպասավորները անգամ սկսել են վրացականացնել: Իշխանությունները Ջավախքի բնիկ հայության նկատմամբ հաճախ դրսեւորում են ոչ միանշանակ վերաբերմունք: Վիճակը կարող է մասամբ բարելավվել, եթե Վրաստանը վավերացնի տարածաշրջանային և ազգային փոքրամասնությունների վերաբերյալ Եվրոպական խարտիան՝ European Charter for Regional or Minority Languages, որը մինչ օրս չեն վավերացրել նաև Թուրքիան և Ադրբեջանը:
Շատ ցավալի է, որ թվարկված տարածաշրջանային պետություններում առկա են վերոնշյալ դատապարտելի երեւույթները: Եվ ամենաուշագրավն այն է, որ միակ պետությունը, որը համապատասխանում է ժողովրդավարության չափանիշներին եւ զերծ է մարդու իրավունքների խախտման աղաղակող դրսեւորումներից, Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող Արցախի Հանրապետությունն է, որն անկախացել է Հարավային Կովկասի երեք հանրապետությունների հետ միաժամանակ»,- նշել է Զ. Փոստանջյանը:


























