Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, վրացական ներկայիս ընդդիմության առաջնորդներից Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու քաղաքականությունը հենվում է անամոթության, լրատվամիջոցներին վերահսկելու, ոստիկանական բռնության, ինչպես նաև այն ռեսուրսների վրա, որոնք ոչ լիովին են վերահսկվում նրա արևմտյան դոնորների կողմից։ Ինչպես գրում է իսպանական El Pais թերթը, վրաց քաղաքական գործիչը կարծում է, որ «միայն անամոթ մարդը կարող է հայտարարել այն մասին, որ երկրում ամեն բան կարգին է այն բանից հետո, երբ մենք կորցրինք մեր տարածքների 20 տոկոսը և շարունակել մնալ իր պաշտոնում մինչև 2013 թվականը»։ «Ինձ նյարդայնացնում է մեր արևմտյան գործընկերների դիրքորոշումը, որոնք պնդում են, որ Վրաստանը պետք է սպասի մինչև 2013 թվականը»,- հայտարարել է նա։

Նինո Բուրջանաձեի կարծիքով, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի այցից հետո իրավիճակը Վրաստանում մեծապես վատացել է։

Այն հարցին, թե արդյո՞ք վրաց նախագահն իրեն տեղեկացրել է Հարավային Օսիայի վրա հարձակվելու մասին, Բուրջանաձեն, որն այն ժամանակ խորհրդարանի նախագահն էր, պատասխանել է. «նա ինձ տեղյակ պահեց այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր օգոստոսի 7-ի Ցխինվալի ռմբակոծությունը»։ «Մինչ այդ ես ոչինչ չեմ իմացել։ Օգոստոսի 3-ին ես նրան ասացի, որ նա չպետք է ենթարկվի սադրանքներին, չպետք է սկսի ռազմական գործողություններ, քանի որ Ռուսաստանի զինված ուժերը կջախջախեն մեզ, և մենք կկորցնենք ինչպես Հարավային Օսիան, այնպես էլ Աբխազիան։ Նա այն ժամանակ համաձայնեց ինձ հետ։ Օգոստոսի 7-ի երեկոյան, երբ իրավիճակը բարդացավ, ես խնդրեցի նրան կանգ առնել։ Իսկ առավոտյան հեռուստատեսությունն արդեն հաղորդեց այն մասին, որ մերոնք գտնվում են Ցխինվալում։ Սակայն ես գիտեի, որ դա այդպես չէ, որովհետև իմ ամուսինն այդ ժամանակ գտնվում էր Հարավային Օսիայում, նա սահմանապահ հատուկ նշանակության զորքերի հրամանատարն է»,- օգոստոսյան պատերազմի սկսման ժամանակագրության մասին սեփական տեղեկություններով մեզ հետ կիսվեց Բուրջանաձեն։

«Բայդենի այցից հետո Սահակաշվիլին հայտարարեց, որ Վրաստանը սկսում է հիմնական շեշտը դնել երկրում ժողովրդավարական բարեփոխումների վրա։ Սակայն ամեն բան վատացավ. ապօրինի ձերբակալություններ և հարյուրից ավելի մարդ հայտնվեց բանտերում։ Օգոստոսի սկզբին առևանգվել ու ծեծի էին ենթարկվել մեր կուսակցության որոշ անդամներ։ Օրինակ՝ կարատեի աշխարհի չեմպիոն Ամիրան Բիցաձեին կտտանքների էին ենթարկել, իսկ նրա կողքին կրակել էին ռետինե գնդակներով։ Ասեմ նաև, որ ոստիկանական բարձրագույն ատյանները կապ ունեն Սահակաշվիլու դեմ բողոքի ցույցերի ակտիվ նախաձեռնողներից մեկի մահվան հետ։ Սահակաշվիլու համար ես համար առաջին թշնամին եմ, և նա ուզում է վարկաբեկել ինձ։ Նա արդեն դիմել է 6 երկրների համապատասխան մարմիններին՝ իմ ամուսնու նկատմամբ հետաքննություն վարելու խնդրանքով, որին կասկածում է հանցավոր տարրերի հետ կապերում»,- պատմել է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահը, որը դարձել է ընդդիմություն։

Միաժամանակ Բուրջանաձեն հայտարարել է, որ իրեն վստահ է զգում, մտածելով որ իր հետ նման բաներ չեն կարող կատարվել, քանի որ դա հղի է միջազգային սկանդալով։

Այն հարցին, թե ինչպես նա ավելի վաղ չի կարողացել նկատել Սահակաշվիլու անձի այդքան բացասական գծերը, Բուրջանաձեն պատասխանել է, որ «Սահակաշվիլին ունի խարիզմա, վճռականություն, պայքարի ոգի»։ «Նա իր վրա վերցրեց հեղափոխության առաջնորդի դերը 2003 թվականին, քանի որ անհրաժեշտ էր մի մարդ, որը կկարողանար վերջ դնել Վրաստանում ձևավորված համակարգին։ Մենք պայքարում էինք կոռուպցիայի ու բյուրոկրատիայի դեմ, սկսեցինք ստեղծել ենթակառուցվածքներ և վճարել կենսաթոշակներ, սակայն, միաժամանակ, արվեցին նաև քայլեր, որոնք հեռացրին մեզ ժողովրդավարությունից։ 2004 թվականին հաստատվեց սահմանադրական օրենքը, որին հետագայում ավելացվեցին որոշ փոփոխություններ, որոնք փոփոխություններ էին նախատեսում նախագահի ու խորհրդարանի միջև հարաբերություններում՝ ի օգուտ նախագահի։ Այնուհետև քայլեր արվեցին լրատվամիջոցների ու արդարադատության համակարգի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ուղղությամբ։ Մինչև 2008 թվականը այս երկիրը ժողովրդավարացման գործընթաց սկսելու հնարավորություն ուներ, սակայն Միշան (Սահակաշվիլին) ընտրությունների արդյունքները կեղծելուց հետո իր համար ընտրեց ողջ խորհրդարանի նկատմամբ վերահսկողությունը։ Անպատժելիությունը դրեց օգոստոսի 7-ի իրադարձությունների հիմքը, ինչը վերածվեց ողբերգության»,- պատմել է Բուրջանաձեն։

Նա կարծում է նաև, որ Հարավային Օսիան կարելի էր վերադարձնել 1,5 տարվա ընթացքում, եթե Սահակաշվիլին նորմալ քաղաքականություն վարեր։ «Իսկ պատերազմը անվստահության մթնոլորտ ծնեց»,- կարծում է նա։ Ստեղծված իրավիճակից միակ ելքը, քաղաքական գործիչի կարծիքով, օսերի ու աբխազների հետ ուղիղ բանակցություններ նախաձեռնելն է, ինչը հնարավոր չէ Սահակաշվիլու իշխանության օրոք։

ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից Վրաստանի ազդեցության վերաբերյալ Բուրջանաձեն պնդում է, որ առանց նրանց ֆինանսական օգնության, Վրաստանը կխորասուզվեր տնտեսական խորը ճգնաժամի մեջ։

«Սակայն նրանք պետք է տեսնեն, թե ինչպես են այստեղ ծախսվում իրենց փողերը։ Հարկավոր է ճնշում գործադրել Սահակաշվիլու վրա, որպեսզի սկսվեն ժողովրդավարական բարեփոխումներ և պատասխանատվություն պահանջել այն բանի համար, որ կալանքի տակ են գտնվում հարյուրից ավելի ընդդիմադիրներ։ Ինձ թվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի լավ է հասկանում Վրաստանի իրավիճակը, քան նրա նախորդները։ Եվ ուրախացնող է այն, որ նա պատրաստ է աջակցել երկրի ժողովրդավարացման գործընթացին։ Սահակաշվիլին շատ հմտորեն կարողացավ ներկայացնել այն, որ իր հասցեին հնչող քննադատությունը հրահրվել էր ոչ առանց Մոսկվայի օգնության։ Սակայն նրա ապուշության հետևանքով ռազմական հենակայանները վերադարձան Վրաստան, ինչը Ռուսաստանին Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը ճանաչելու քարտ-բլանշ տվեց։ Եվ այժմ կարևոր բոլոր գործարքները (բիզնես, առևտուր) Ռուսաստանի ձեռքում են, որը հասավ այն բանին, որ Վրաստանը չդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- եզրափակել է Նինո Բուրջանաձեն։