Հոկտեմբերի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոյին եւ նրա հետ ճշգրտել տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 11-րդ նիստի օրակարգը: Նշենք, որ նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 23-24-ը Մինսկում, հայկական կողմի համանախագահն է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նախարար Կարեն Ճշմարիտյանը, ողջունելով դեսպանին, հայտնել է, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը կարեւոր հարթակ է երկու երկրների տնտեսական հարաբերությունները վերանայելու եւ համագործակցության նոր ուղիներ մշակելու համար: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Բելառուսի գործարար ներկայացուցիչների համար պետք է բարելավել գործարար միջավայրը, ինչը փոխգործակցության նոր խթան կդառնա նրանց համար:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպան Սուխորենկոն նշել է, որ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստերի արդյունքում հայ-բելառուսական տնտեսական համագործակցությունն ավելի տեսանելի է դառնում, եւ որպես օրինակ նշել է Հայաստանի կառավարության օժանդակությամբ մեծ քանակի գյուղատնտեսական մեքենաների ներկրումը: Այժմ աշխատանքներ են տարվում այդ մեքենաների սպասարկման եւ վերանորոգման կենտրոնների ստեղծման ուղղությամբ:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենան էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պաշտոնական հանդիպումները Բելառուսի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: