Հայաստանում գրեթե բոլորն էլ թաթախված են կոռուպցիայի մեջ՝ շարքային քաղաքացուց մինչեւ բարձրաստիճան պաշտոնյա՝ այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը՝ ի պատասխան NEWS.am-ի հարցի, թե կողմ եք կոռուպցիայի հաղթահարման ռեպրեսի՞վ, թե՞ ժողովրդավարական մեթոդներին: Նրա խոսքով, ինքը ռեպրեսիվ մեթոդներին կողմ կլիներ միայն այն դեպքում, եթե դրանք, որոշ վերապահումներով, կիրառվեին բարձրաստիճան պաշտոնյաների, այլ ոչ թե ցածր մակարդակում աշխատող պաշտոնյաների նկատմամբ։
Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտոնի ղեկավար Լեւոն Բարսեղյանն ասաց. «Ես համոզված եմ, որ այս իշխանությունը չունի կոռուպցիոն դեպքերի հաղթահարման, լուծման հեղափոխական ռեսուրս, քանի որ պետության զավթման մակարդակի կոռուպցիան իշխանության պահպանման, վերարտադրման հիմնական ռեսուրսներից մեկն է»: Նա նշեց, որ հեղափոխական ասելով նկատի չունի միայն երկրում հեղափոխություն իրականացնելու միջոցով խնդիրները լուծելը, չնայած դա էլ է տարբերակներից մեկը։
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի նախագահ, Լոռու մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ընդգծեց. «Ես չգիտեմ մի երկիր, որտեղ ռեպրեսիվ մեթոդներով հնարավոր է եղել կոռուպցիան արմատախիլ անել։ Չկա այդպիսի փորձ, ընդհակառակը՝ ռեպրեսիաները բերել են կոռուպցիայի էլ ավելի ծաղկմանը»:
Սաքունցը որպես օրինակ բերեց Վրաստանը, որտեղ գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նման պրակտիկա կիրառեց, սակայն այդ մեթոդները հանգեցրին կոռուպցիոն նոր երեւույթների ի հայտ գալուն։ «Եթե պետական համակարգը ամբողջությամբ զավթված է կոռուպցիոներների կողմից, դա կարող է բերել ռեպրեսիաների, որպես միակ ճանապարհ այդ համակարգի դեմ։ Սա կոռուպցիայի հայրերն ու կոռուպցիայով սնվողները պետք է շատ լավ հասկանան»,-ասաց Սաքունցը։ Նա նաեւ հավելեց. «Կոռուպցիայի հաղթահարման միակ դեղատոմսը սա է. իշխող ուժը պետք է քաղաքական կամք հայտնի ու սկսի պայքարը կոռուպցիայի դեմ, հասարակական հատվածն էլ, որը զբաղվում է կոռուպցիայի դեպքերի հայտնաբերմամբ, կառաջարկի իր դեղատոմսերն ու ախտորոշումները»։
Ասուլիսին ներկա բանախոսները ի հավելում ասացին նաեւ, որ կոռուպցիայի բոլոր այն դեպքերը, որոնց պետության կողմից ընթացք է տրվել, սովորաբար այն գործերն են, «որոնք շեղված են կոռուպցիայի սխեմայից»: Այսինքն, դրանք այն դեպքերն են, երբ կոռուպցիոն արարք թույլ տված պաշտոնյան ինքնագլուխ է գործել՝ առանց վերադասին այդ մասին տեղյակ պահելու եւ «մուծվելու»: Ասուլիսի բանախոսները հետեւություն արեցին, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային բնույթ ունի, եւ եթե տեղի ունենա համակարգային պայքար դարի չարիքի դեմ, կնշանակի, որ համակարգը պայքարելու է իր իսկ դեմ։ Սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ նվազելու փոխարեն՝ կոռուպցիան Հայաստանում օր-օրի ծաղկում է։


























