Շատ կարեւոր է այն համգամանքը, որ խորհրդարանը «Լեզվի մասին» եւ «Ընդհանուր կրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծերը առաջին ընթերցմամբ ընդունեց հենց Սուրբ թարգմանիչներ Սահակի եւ Մեսրոպի տոնի օրը: Հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»  հասարակական շարժման անդամ, Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Գարեգին Չուքասզյանը՝ շարունակելով.

«Մեսրոպը եւ Սահակը մեր ազգի հայրերն են համարվում, ճիշտ ինչպես ԱՄՆ-ի Սահմանադրությունն ընդունած հայրերը: Սա հայրերից հեռանալու մի փորձ էր»: Չուքասզյանը նշեց, որ չնայած օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ, սակայն իրենք շարունակելու է իրենց պայքարը մինչեւ երկրորդ ընթերցում եւ դրանից հետո  էլ:

«Առաջին անգամ 1988 թվականից հետո շարժման մեջ միավորվում են մտավորական բարձր կարողություններ ունեցող մարդիկ եւ երիտասարդությունը՝ անկախ քաղաքական հայացքներից: Ստեղծվում է մի համազգային պլատֆորմ, որի վրա շատ նոր երիտասարդական ու մտավորական ուժերով առաջանում է նոր իրավիճակ, եւ սա կարեւոր է ոչ միայն լեզվի օրենքի համար, այլեւ սահմանադրական իրավունքներին տեր կանգելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ այս շարժումը լայն տարածում է գտնելու եւ՛ Հայաստանում եւ՛ Սփյուռքում: