Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Վեհափա՛ռ Տեր,

Շնորհավորում եմ Ձեզ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ:

1999 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ի դեմս Ձեզ ունեցավ նոր Կաթողիկոս, Հայաստանի եւ սփյուռքի մեր հավատացյալ ժողովուրդը՝ նոր հովվապետ:

Արդեն մեկուկես տասնամյակ իմաստուն եւ արգասաբեր գործունեությամբ առաջնորդում եք Ձեր հոգեւոր հոտը՝ քարոզելով խաղաղություն եւ մարդասիրություն, սերմանելով բարու եւ գեղեցիկի հունդեր մեր ժողովրդի սերտում եւ հոգում:

Խորապես հարգելով բոլոր անհատների եւ հանրույթների խղճի ազատությունը՝ մենք ընդգծում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ դերակատարությունը մեր ժողովրդի ինքնության ձեւավորման եւ պահպանման, նրա մշակութային զարգացման գործում: Դա իրողություն եւ ճշմարտություն է, որ վերահաստատվել է դարեր շարունակ, այդ թվում նաեւ ամենաբարդ իրավիճակներում:

Կրկին շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ անսպառ եռանդ՝ անսասան պահելու Գրիգոր Լուսավորչի աստվածաշնորհ աթոռը եւ շարունակելու Ձեր վեհ առաքելությունը»: