Չինաստանի Շաանսի նահանգի Սիան քաղաքում ավարտվեց «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնը, որին փայլուն հաջողության հասան հայկական գեղարվեստական ֆիլմերը:
Փառատոնի բարձրագույն՝ «հանդիսատեսի համակրանք» մրցանակներին արժանացան Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» եւ Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» կինոժապավենները:
Կազմակերպիչների ամփոփիչ տվյալներով փառատոնին մասնակցում էր 25 երկրի 147 ֆիլմ, որոնցից միայն 20-ը դարձան մրցանակակիր:
Հանդիսավոր փակման արարողության ընթացքում մասնակից երկրների կողմից ընդունվեց «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնի համատեղ հռչակագիրը՝ Չինաստանի եւ Մետաքսի ճանապարհի այլ երկրների կինոմատոգրաֆիստների համագործակցության վերաբերյալ: Փառատոնի մրցանակաբաշխությանը եւ փակման արարողությանը մասնակցեց Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Չինաստանում սկիզբ առած ամենամյա «Մետաքսի ճանապարհ» միջազգային կինոփառատոնի նախաձեռնության նպատակն է կինոարվեստի միջոցով խրախուսել Մետաքսի ճանապարհն ընդգրկող երկրների միջեւ կարծիքների փոխանակումներն ու համագործակցությունը:
Սա առաջին դեպքը չէ, երբ հայկական ֆիլմերը նման հաջողություն են գրանցում Չինաստանում: Նախորդ տարի Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնում հայկական «Եթե բոլորը» ֆիլմը հաղթող էր ճանաչվել երկու անվանակարգերում:



























