«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը պահանջում է «խորհրդարանական ընդդիմություն կոչվող» խմբակցություններին վայր դնել իրենց մանդատները:

Նրանց հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում Հայաստանն ու Արցախը հայտնվել են միջազգային մեկուսացման մեջ' արժանանալով միջազգային հանրության քամահարանքին: Այդ մասին են վկայում  Ադրբեջանի կողմից հրադադարի անհամար խախտումներին ոչ համարժեք արձագանքները միջազգային հանրության եւ այդ թվում հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից, որոնք չկասեցվեցին անգամ ոչընտիրի արտասահմանյան երկրներում անպտուղ ու ամոթաբեր «վոյաժներով»:

 Հայաստանը շարունակում է մնալ «իզգոյ» պետություն, ինչն անկախության առաջին տարիների ժողովրդավարության կղզյակից' խմբիշխանական բռնապետության վերածվելու ազգուրաց ներքին քաղաքականության արդյունք է:

ՀՀ-ն միջազգային հանրության իրավահավասար ու արժանապատիվ անդամ դառնալու, Արցախի հարցի արդարացի լուծման, հայաստանյան ու արցախյան ժողովրդի իրավահավասար, բարեկեցիկ ու երջանիկ ներկան ու ապագան կերտելու միակ ու ճշմարիտ ճանապարհը Ժողովրդավարության հաղթանակն է, ժողովրդի իշխանության հաստատումը:

Միայն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններով ձեւավորված իշխանություններն են պարտավորված ծառայելու ժողովրդին: Հակառակ քաղաքական վարքագիծը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ, քանզի այդ պարագայում արդեն ստրկացած ժողովուրդն է ծառայում իշխանագողին, որի սպասարկուներն անարգել կեղեքում ու թալանում են մեր Հայրենիքը, սակարկման առարկա դարձնում մեր երեխաների արժանապատվությունն ու ապագան:

Ելնելով վերոհիշյալից, պահանջում ենք.

-  անհապաղ ու անվերապահ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներն, որոնցից շատերն Արցախի ազատամարտի մասնակիցներ ու հերոսներ են,

-  բոլոր այն քաղաքացիներին, ում համար առաջնային է հասարակական ու ազգային շահը, ոտքի կանգնել եւ պայքարել ՀՀ-ում Սահմանադրական կարգի անվերապահ վերականգնման համար,

-  նախագահի պաշտոնը բռնազավթած ու մարտի 1-2-ի 10 զոհերի արյունով օծված իշխանագողին' անհապաղ հրաժարական տալ,

-  խորհրդարանական ընդդիմություն կոչվող խմբակցություններին (ԵԽԽՎ տեղեկանքով եւ առանց դրա)' վայր դնել մանդատները եւ ձեռնամուխ լինել երկրում ժողովրդավարական մեծագույն արժեքի' օրինական իշխանություններ ձեւավորելու հրատապ խնդրի լուծմանը»:

Նշենք, որ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը ստեղծել են «Ժառանգությունից» հեռացած անձինք, որոնց շարքում են ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանը, Արթուր Սարդարյանն ու Մովսես Արիստակեսյանը: