«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակարանատերերը հոկտեմբերի 29-ին կհանդիպեն «Արցախբանկի» բաժնետեր, շվեյցարահայ գործարար, Franck Muller ժամագործական ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Վարդան Սիրմակեսի հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակարանատերերից Զոյա Պետրոսյանը:

«Մինչեւ չհանդիպենք, ոչ մի բան չեմ կարող ասել, պիտի ամեն ինչ տեսնենք մեր աչքերով, լսենք մեր ականջներով, ոչինչ չենք կարող ասել»,-ասաց Զոյա Պետրոսյանը:

Բնակարանատեր Հասմիկ Իսկանդարյանն էլ, որը 20 տարի Նիդեռլանդներում է ապրել, NEWS.am-ին ասաց, որ չի հավատում, որ իրենց խնդիրը երբեւէ կլուծվի. «20 տարի է, ինչ Հոլանդիայում եմ, ասեցի՝ բնակարան գնեմ, որ երեխաներս կապ ունենան Հայաստանի հետ, բայց էս պատմության մեջ ընկա: Տղաներս էլ ասում են՝ էս չի՞ քո Հայաստանը, գնացիր, գցեցին քեզ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր , որ «Տոնուս» ՍՊԸ-ից խաբված մի քանի տասնյակ  բնակարանատերեր վաղ առավոտից հավաքվել են «Արցախբանկի»  մոտ եւ հանդիպում են պահանջում  բանկի բաժնետերերի հետ: Նրանք նույնիսկ փորձեցին ներխուժել բանկ եւ հրմշտոցի հետեւանքով դուռը կոտրվեց:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: