Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 5 զբոսաշրջային ընկերությունների հետ նոյեմբերի 3-6-ին համատեղ կներկայացնի Հայաստանը Լոնդոնում տեղի ունենալիք «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, թե հերթական անգամ միեւնույն տաղավարի ներքո կներկայացվի նաեւ Արցախի Հանրապետությունը:
Այս տարի նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 186 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ եւ ավելի քան 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ:
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային եւ քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր եւ քարտեզներ անգլերենով:
Մասնակցությունը առաջատար այս ցուցահանդեսին նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի եւ Արցախի զբոսաշրջությունը եվրոպական շուկայում եւ նպաստելու ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:




























