Ներկայիս սահմանադրական բարեփոխումների հիմնական դրական միտումը կայանում է նրանում, որ գործող Սահմանադրությունը չափազանց շատ իշխանություն է կենտրոնացնում նախագահի ձեռքում, եւ այժմ առաջարկվում է փոխել իրերի տվյալ դասավորությունը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ Երեւանի Բրյուսովի անվան լեզուների եւ սոցիալական գիտությունների համալսարանի հեռանկարային ուսումնասիրությունների եւ նախաձեռնությունների կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով խորհրդաժողովում հայտարարեց Վենետիկյան հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարքերթը:
Նա հստակեցրեց, որ փոփոխությունները կհանգեցնեն տարբեր գործող անձնանց միջեւ իշխանության վերաբաշխմանը: «Ներկայիս սահմանադրական բարեփոխումների երկրորդ տարրը, ես կարծում եմ պայմանավորված է երկրում օրենքի գերակայությունը ուժեղացնելու ձգտմամբ, մասնավորապես, փորձեր են արվում ուժեղացնել ազատ դատական համակարգը, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի դերը», - նշեց Մարքերթը:
Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական օրենսդրության հարցերով Եվրոպայի խորհրդին կից փորձագիտական-խորհրդատվական մարմին է: Հանձնաժողովի կազմում են Եվրոպայի խորհրդի բոլոր 47 եւ եւս 12 երկրների ներկայացուցիչները: Հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի, Եվրամիության, պետությունների ղեկավարների, կառավարությունների, խորհրդարանների հարցումների հիման վրա եզրակացություններ է հայտնում: Վենետիկի հանձնաժողովի իրավական դիրքերը արտացոլված են Ստրասբուրգի դատարանի ավելի քան 50 որոշումերով:
Հոկտեմբերի 10-11-ի նիստում Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն էր հայտնել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ:





























