Նոյեմբերի 11-ին Քուվեյթի առողջապահության նախարար, դոկտոր Ալի Սաադ Ալ-Օբեյդին ընդունեց Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառներում համագործակցության ընդլայնման ուղիները:

Դեսպան Չարչօղլյանը կարեւորեց Հայաստանի եւ Քուվեյթի առողջապահության նախարարությունների միջեւ համագործակցության փաստաթղթի ստորագրումը եւ նշեց, որ դա նոր լիցք կհաղորդի վերոնշյալ ոլորտում դրական առաջընթացի ապահովմանը:

Անդրադարձ կատարվեց մասնագետների փոխանակման եւ վերապատրաստման դասընթացների կազմակերպման հեռանկարներին:

Երկուստեք ընդգծվեց առողջապահության բնագավառում գիտական փոխգործակցություն ծավալելու, համատեղ գիտական համաժողովներ կազմակերպելու եւ դասախոսություններով հանդես գալու, ինչպես նաեւ տարաբնույթ հարցերի եւ խնդիրների շուրջ խորհրդատվական տեղեկատվություն փոխանակելու կարեւորությունը:

Մինչ այդ, նոյեմբերի 10-ին դեսպան Չարչօղլյանը հանդիպում ունեցավ հայ-քուվեյթյան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ֆայսալ Ալ-Շայայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց խորհրդարանական գործակցության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքն ու բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման հնարավորությունները: