Ադրբեջանը գնում է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին: Ադրբեջանական նվերներից չի խուսափում նաեւ նախագահ Բարաք Օբամայի ընտանիքը:

Turan գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ դաշնային ռեգիստրում հրապարակված Պետքարտուղարության զեկույցը, նշում է, որ ԱՄՆ բարձրաստիճան անձինք՝ ներառյալ նախագահ Բարաք Օմաբան եւ առաջին տիկինը, անցյալ տարի ադրբեջանցի պաշտոնյաներից թանկարժեք նվերներ են ստացել: Մասնավորապես, դեսպան Էլին Սուլեյմանովը նախագահ Օբամային 2013 թվականի դեկտեմբերի 5-ին 6.560 դոլար արժողությամբ մեծ գորգ է նվիրել՝ կարմիր, ճերմակ եւ կապույտ նախշերով: Այդ ժամանակ Միշել Օբաման ադրբեջանական ավանդական թաշկինակ է ստացել՝ 435 դոլար արժողությամբ:

Պետքարտուղար Ջոն Քերրիին էլ անցյալ տարի դեկտեմբերին Վաշինգտոնում 760 դոլար արժողությամբ մետաքսե գորգ են նվիրել: Իսկ նոյեմբերին Բաքվում դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին 625 դոլար արժողությամբ մետաքսե գորգ են նվիրել:

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիեւը, ով օգոստոսին Վաշինգտոնում է եղել, ամերիկյան իր գործընկեր Չաք Հեյգլին 600 դոլար արժողությամբ գինիներ է նվիրել:

Բացի նվերներից, ադրբեջանցի պաշտոնյաները նաեւ անցյալ տարվա օգոստոսին վճարել են ամերիկյան պաշտոնյաների թռիչքը Բաքվից Փարիզ:

Ըստ haqqin.az-ի, հատկանշական է, որ այդ փաստաթուղթը հրապարակվել է մի քանի ժամ առաջ, երբ առանձին ամերիկյան պաշտոնատար անձինք պետք է նոյեմբերի 12-ի երեկոյան մասնակցեն Վաշինգտոնում դեսպան Սուլեյմանովի եւ ադրբեջանցի նախարարի որդու շքեղ գալա-ընթրիքին:

Հրավիրվածների թվում են տասնյակ պաշտոնյաներ ԱՄՆ վարչակազմից, Կոնգրեսից, դիվանագիտական կորպուսից եւ վերլուծական կենտրոններից: «Ադրբեջանի բնական գեղեկության տոն» անվանումով պաշտոնական ընթրիքն անցկացվելու է ԱՄՆ մայրաքաղաքի ամենահեղինակավոր հաստատություններից մեկում՝ Andrew W. Mellon-ում:

Պատվավոր հյուրերի թվում են տասնյակ օրենսդիրներ, այդ թվում՝ սենատոր Ռիչարդ Բերրը, կոնգրեսականներ Քորին Բրաունը, Մարսիա Ֆուջը, Մայքլ Ֆիցպատրիկը, Սթիվ Քոենը, Քորի Գարդները, Ջին Գրինը, Բիլի Լոնգը եւ այլք:

Միջոցառման պաշտոնական կազմակերպիչներն են Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը, որը ղեկավարոում է Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդին՝ Անար Մամեդովը:

Foreign Policy ամսագրի տվյալներով, 2012 թվականին Ա.Մամեդովը նման գալա-ընթրիքի համար առնվազվ 2 մլն դոլար է ծախսել: Նույն աղբյուրի համաձայն, անցյալ տարի Մամեդովի կազմակերպությունը 5 մլն դոլար է վճարել Fabiani & Co. լոբբիստական ընկերությանը՝ ամերիկյան պաշտոնատար անձանց հետ կապեր հաստատելու համար: