Հայաստանում առանձին մանկավարժների աշխատավարձը կարող է հասնել ամսական մինեւ 400 հազար դրամ (970 դոլար): Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, խորհրդարանում հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ նման աշխատավարձ կարող են ստանալ Քեմբրիջի համալսարանի մեթոդակարգով վերապատրաստում անցած մանկավարժները:
Աշոտյանը հավելեց, որ այս ծրագիրը համատեղելի է Համաշխարհային բանկի կողմից վերջերս հաստատված ծրագրի հետ: Դպրոցական կրթության ընդհանուր ստանդարտներից բացի, Հայաստանում ի հայտ կգա նաեւ այլընտրանքային կրթական բովանդակություն: Հայաստանում նման ուսումնական հաստատություններն արդեն սկսում են գործել: «Դասընթացներն անցած եւ քննությունները հաջողությամբ հանձնած մանկավարժներն էլ կստանան սերտիֆիկատներ եւ կարող են աշխատել նախօրոք ընտրված եւ Հայաստանի մարզերում հավասարաչափ բաշխված դպրոցական ծրագրերի համար: Նրանք կարող են վարձատրվել վերոնշյալ ծավալով», - նշեց Աշոտյանը:





























