Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ավտովթարի մեջ տրանսպորտի եւ կապի նախարարությունը որեւէ մեղք չունի. ճանապարհը վտանգավոր չէ, ապացույցն այն է, որ վերջին երկու տարիներին ճանապարհի այդ հատվածում վթար չէր եղել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ այս դեպքի հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են:
«Տարածքում բոլոր նշանները տեղադրված են եւ ընդհանրապես ասֆալտն ու նշանները երբեք չեն կարող վթարի համար խթան առաջացնել»,- նշեց նախարարը:
Հարցին, թե այդ դեպքում պատկան մարմնի որ մեղավորության պատճառով է հանրապետության ավտոճանապարհների մի մասն անբարեկարգ, չեն լուսավորվում, ինչն էլ վթարի պատճառ է դառնում, Բելգարյանը բարկացավ. «Ինչո՞ւ եք դուք վերցնում, որ որեւիցե մի նախարարություն մեղավոր է: Եթե մի խմած վարորդ մի տեղ վթարի է ենթարկվում, ինչ-որ մի նախարարությո՞ւն է մեղավոր»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել էր։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է:





























