Ուսումնավարժական թռիչք կատարելու ընթացքում ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռն ընկել է չեզոք գոտի, այն որեւէ ռազմական գործողություն չէր իրականացնում, իսկ հակառակորդն էլ խոցել է հետեւից: Այս մասին NEWS.am-ին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
«Իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, սադրիչ գործողություն է տեղի ունեցել: Այս պահին դեռ ադրբեջանական կողմը կրակի տակ է պահում այդ տարածքը եւ հնարավոր չէ մոտենալ ուղղաթիռին, հստակ տեղեկություններ չկան՝ անձնակազմի 3 անդամները ողջ են, թե ոչ: Նշեմ, որ ուղղաթիռը որեւէ ռազմական գործողություն չէր իրականացնում, որեւէ զենք կամ զինամթերք չէր կրում, այն ռազմական տեխնիկա չի եղել, ընդամենը թռչող օբյեկտ է եղել եւ խոցվել է հետնամասից, ինչը հատուկ է հենց ադրբեջանցիներին: Սաֆարովյան կացնային դիվանագիտության շարունակությունն է սա: Ադրբեջանն ահաբեկիչների եւ մոլագարների պետություն է»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ այսօր տեղի ունեցած դեպքը որեւէ կերպ չի ազդելու զորավարժությունների ընթացքի վրա:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ այսօր ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը:




























