Արցախում հայկական ուղղաթիռի խոցումը լուրջ վտանգ է պարունակում սառեցված հակամարտության սրման առումով: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Եվրոպայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերին:
«Մենք շատ անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի ներսում եւ նրա սահմաններից դուրս իրադարձությունների առիթով: Նման աղետները կարող են հանգեցնել ավելի լայն ճգնաժամի այն իրադարձության համատեքստում, որն ավելի ու ավելի անկայուն է»,- Զանյերի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ այսօր ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը:




























