Քալիֆորնիայի Բըրբենք քաղաքում 43-ամյա հայը կալանավորվել է  հարբած վիճակում մեքենա վարելու համար, որում գտնվում էին իր երկու մանկահասակ որդիները: Այս մասին գրում է «Burbank Leader» թերթը:

Գինու խանութում մի կին զրուցել է Ռոբերտ Հակոբյանի հետ եւ նրա վրայից ալկոհոլի հոտ զգացել: Երբ նա տեսել է, որ տղամարդը մեքենա է նստել երկու երեխաների հետ, ոստիկանություն է զանգահարել, քանի որ անհանգստացել է նրանց անվտանգության համար: 

Ոստիկանությունը կանգնեցրել է Հակոբյանին, որը նախկինում դատվել էր հարբած վիճակում վարելու համար: Նրա 4 եւ 6 տարեկան որդիները մեքենայում են եղել: Երեխաները հանձնվել են բարեկամների խնամքին: Հակոբյանը կալանավորվել է երեխաների կյանքը  վտանգի ենթարկելով ոչ սթափ վիճակում վարելու համար: Նա ազատվել է 100 հազար դոլար գրավի դիմաց  եւ մյուս ամիս պետք է պատասխան տա դատարանում: