Հնդկաստանում եւ արտերկրում ավանդական հնդկական բժշկական այուրվեդայի, ինչպես նաեւ յոգայի ժողովրդականացման նպատակով երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հրամանով նոր նախարարություն է ստեղծվել:

Երկրի կառավարությունը 2014-2015թթ. համար նորաստեղծ նախարարությանը կհատկացնի շուրջ 174 մլն դոլար։ Գերատեսչությունը կղեկավարի 62-ամյա Շրիպադ Նաիկը:

Մոդին հայտնի է՝ որպես բժշկության ժողովրդական միջոցների մեծ կողմնակից եւ յոգայի նվիրյալ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ, վարչապետը ՄԱԿ-ին առաջարկել էր Յոգայի միջազգային օր սահմանել: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ նա հայտարարել էր, որ յոգան կարող է օգնել համամարդկային խնդիրների լուծման գործում:

 «Յոգան մեր հնագույն ավանդության անգին պարգեւն է: Այն մարմնավորում է հոգու եւ մարմնի, մտքերի եւ արարքների միասնություն, բնության հետ մարդկանց ներդաշնակություն», - ասել է Մոդին:

Նրա խոսքով՝ յոգան մարդկանց կօգնի բարելավել իրենց կյանքը, պատասխանատվության զգացում առաջացնել, այս կերպ օգնելով պայքարել գլոբալ տաքացման դեմ: