Ամենաբարձրահասակ եւ ամենակարճահասակ տղամարդիկ առաջին անգամ հանդիպել են Լոնդոնում՝ Գինեսի ռեկորդների համաշխարհային օրվա առիթով, հաղորդում է Asia One-ը:

Թուրքիայի քաղաքցի 31-ամյա Սուլթան Քոսենի հասակը 2,51 մետր է, իսկ նեպալցի 74-ամյա Չանդրա Բահադուր Դանգիի հասակը՝ ընդամենը 55 սմ: Ոչ սովորական այս հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնում խորհրդարանի շենքի դիմաց, որտեղ էլ կայացել է նրանց ֆոտոսեսիան:

«Ինձ շատ հետաքրքիր էր, թե որքան եմ ես բարձրահասակ, ինչպես նաեւ մինչեւ ոտքերիս որ մասն է հասնում նրա հասակը: Իհարկե, երբ ես նրան տեսա, հասկացա, թե որքան փոքր է»,-ասել է Քոսենը՝ հավելելով, որ այդ հանդիպումը «զարմանալի էր»: Նա նշել է, որ ֆոտոսեսիայի ժամանակ Չանդրայի ձեռքը բռնելու համար ինքը ստիպված է եղել մի լավ կռանալ:

«Թեեւ ես շատ բարձրահասակ եմ, իսկ նա շատ կարճահասակ, մենք կյանքում զգում ենք նույն դժվարությունները: Երբ նայում եմ Չանդրայի աչքերին, տեսնում եմ, որ նա լավ մարդ է»,-ընդգծել է Քոսենը:

Իր հերթին Դանգին լրագրողներին պատմել է իրենից 5 անգամ բարձր հասակ ունեցող մարդու հետ հանդիպումից հետո իր էմոցիաների մասին: