Հայաստանի ՍԴ շենքի դիմաց, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի ԵՏՄ-ի անդամակցության դեմ ուղղված բողոքի ակցիայից հետո նշանակվել է ծառայողական քննություն:
Այս առնչությամբ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Այսօր, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը քննում էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, դատարանի առջեւ կազմակերպվել է բողոքի ակցիա, որի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:
Միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն»:
Հիշեցնենք որ այսօր ոստիկանության աշխատակիցները ԵՏՄ-ի անդամակցելու դեմ բողոքող մեկ տասնյակից ավելի քաղաքացիների չթույլատրեցին անցկացնել իրենց խաղաղ ակցիան Սահմանադրական դատարանի մոտ։ Նրանք բռնի ուժ կիրառելով քաղաքացիներին հեռացրեցին ՍԴ-ի շենքի մոտից։




























