Այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց AH 225 բեռնատար ինքնաթիռը, որը գերմանական Ֆրանկֆուրտից արեւմուտք գտնվող Հահն քաղաքի օդանավակայանից Հայաստանի մայրաքաղաք է տեղափոխել Երեւանի ջերմային էլեկտրակայանի համար նախատեսված 197-տոննանոց գեներատոր-ստատորը:Ի դեպ, նախկինում մեկ կտորով նման քաշի բեռ երբեք չէին տեղափոխել, եւ սա առաջին նման դեպքն է:

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հաստատեցին, որ գեներատորը վերջապես տեղափոխվել է Երեւան: Նախատեսված էր, որ այն պիտի Երեւան բերվեր դեռեւս օգոստոսի 2-ին, սակայն ինքնաթիռի հնամաշ լինելու պատճառով թռիչքը հետաձգվել է: Այնուհետեւ ինքնաթիռը պիտի Երեւան գար օգոստոսի 10-ին, բայց միայն այսօր է ժամանել Երեւան:

ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից հայտնեցին, որ գեներատորը Հայաստան է տեղափոխվել Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրի շրջանակներում՝ տրամադրված ճապոնական վարկի հաշվին:

Հիեցնենք, որ Երեւանի ՋԷԿ-ի վեակառուցման նպատակով ՀՀ կառավարության եւ Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջեւ 2005թ. մարտի 29-ին համաձայնագիր է ստորագրվել: Վարկի գումարը կազմում է 15 մլրդ 918 մլն ճապոնական իեն, այն կտրամադրվի 0,75 տոկոսով եւ 40 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակաշրջան է: Էլեկտրակայանի կառուցման ավարտը եւ գործարկումը նախատեսվում է 2010թ. ապրիլի 30-ին:

Երեւանի ՋԷԿ-ը շահագործվում է 1961 թվականից, իսկ միջազգային չափանիշներով կայանների շահագործման ժամկետները 25-30 տարի են, բացի այդ 60-ականների տեխնոլոգիայով աշխատող ՋԷԿ-ի տեխնիկատնտեսական ցուցանիշները, մեղմ ասած, գոհացուցիչ չեն. էլ. էներգիայի 1 Կվտ.Ժ-ի արտադրության համար այստեղ ծախսվում է մոտ 372 գրամ գազ եւ էլ. էներգիայի ինքնարժեքը կազմում է 16,5 դրամ, ինչը տնտեսապես անարդյունավետ է:

Վերակառուցումից հետո արտադրանքի ինքնարժեքը կկազմի ընդամենը 7-8 դրամ, եւ միայն վառելիքի վրա Հայաստանը կտնտեսի տարեկան 19,4 մլն դոլար: Բացի այդ 2,5 անգամ կպակասեն նաեւ մթնոլորտային արտանետումները եւ կբարձրացվի կայանի սեյսմակայունությունը: