ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմը Ռուսաստանին միացնելու հարցով Արեւմուտքի արձագանքը ոչ ադեկվատ է անվանել եւ Եվրոպային ու ԱՄՆ-ին նոր «սառը պատերազմ» հրահրելու մեջ է մեղադրել, հայտնում է «Էխո Մոսկվին»՝ վկայակոչելով գերմանական թերթի հետ Պուտինի հարցազրույցը:

«Այո, ես չեմ թաքցնում այն փաստը, որ մեր Զինված ուժերն ուղղակիորեն արգելափակեցին Ուկրաինայի՝ Ղրիմում տեղակայված Զինված ուժերին, բայց ոչ թե հարկադրաբար քվեարկության ուղարկելու համար, դա հնարավոր  չէ անել, այլ արյունահեղություն թույլ չտալու համար, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենային սեփական վերաբերմունքը արտահայտել իրռնց եւ իրենց երեխաների ապագան որոշելու հարցում»,- Պուտինի խոսքերն է մեջբերում Forbes-ը:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ղրիմում ոչ այլ ինչ է տեղի ունեցել, քան Կոսովոյում կատարվածը: Նա հավելել է, որ Կոսովոն հայտարարել էր անկախության մասին խորհրդարանի որոշման հիման վրա, այն դեպքում, երբ Ղրիմում մարդիկ հանրաքվեի էին դուրս եկել, որն «իր արդյունքներով պարզապես ապշեցուցիչ էր»: