Բուրկինա Ֆասոյի նախկին արտգործնախարարը անցումային շրջանում երկրի նախագահ է նշանակվել, փոխանցում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները: Ըստ աղբյուրի՝ երկրի ժամանակավոր ղեկավար Միշել Կաֆանդոն չի կարող մասնակցել 2015թ. նախագահական ընտրություններին:

Երկրի զինվորական հրամանատարությունը, ընդդիմադիր ուժերը եւ քաղաքացիական միավորումները ավելի վաղ համաձայնության էին եկել կաթոլիկ արքեպիսկոպոս Փոլ Ուեյդրագուի՝ երկրի նախագահի թեկնածության հարցում: Արքեպիսկոպոսը հավանական թեկնածուների ցանկում էր, որը կազմել էին զինվորականները, ընդդիմությունը եւ քաղաքացիական միավորումները:  Կողմերը հուսով էին, որ Վատիկանը Ուեյդրագուին թույլ կտա ղեկավարել հարավաֆրիկյան հանրապետությունը՝ մինչեւ 2015 թ. նախագահական ընտրությունները, սակայն արքեպիսկոպոսը հույս չուներ, որ ինքն ընտրվելու է: 

Բուրկինա Ֆասոյի վերջին նախագահ  Բլեզ Կոմպաորեի՝ Սահմանադրությունը փոխելու մտադրությունը ցույցերի պատճառ էր դարձել մայրաքաղաք Ուագադագուում: Ցույցերը վերաճել էին ոստիկանության հետ զանգվածային բախումների:  Նոյեմբերի սկզբին Կոմպաորեն հրահանգել է ցրել կառավարությունը եւ երկրում արտակարգ դրություն հայտարարել:  Ավելի ուշ նա պաշտոնապես հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ 27 տարվա կառավարումից հետո, կոչ անելով ընտրություն անցկացնել 90 օրվա ընթացքում: Դրանից հետո Բուրկինա Ֆասոյի հրամանատար Օնորե Տրաորեն հայտարարել էր մեկ տարի ժամկետով իշխանության անցումային մարմնի ստեղծման մասին: