Իջեւանի զորամասերից մեկում մայիսի 10-ին հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի գործով նախաքննությունը շարունակվում է:
NEWS.am-ի հետ զրույցում Ներսեսի հայրը՝ Ղազար Կարապետյանը, հայտնեց, որ դեռ հայտնի չէ, թե երբ է գործն ուղարկվելու է դատարան:
«Փորձաքննությունների պատասխանները դեռ չենք ստացել, չգիտենք նույնիսկ, թե ինչ է կատարվում, մեզ ոչինչ չեն հայտնում»,- ասաց նա:
Նշենք, որ այս գործով հունիսի 17-ին մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Ասրյանին ու պայմանագրային զինծառայող, սերժանտ Էդգար Մանուկյանին: Մինչդեռ հարազատները համոզված են, որ նրանց մեղադրանք առաջադրվելը Ներսեսի մահվան հետ կապ չունի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 10-ին, ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):




























